275 հազ․ դոլարի և 55,5 մլն դրամի գողություն Երևանում՝ չհրկիզվող պահարանից․ մայրն ու որդին ձերբակալվել են
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք են բացահայտել։
Ոստիկանության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Մյասնիկյան պողոտայում գտնվող ընկերության տնօրենը հաղորդում է տվել, որ հունիսին ընկերության հաշվապահին է հանձնել 55,5 մլն դրամ և 275 հազար դոլար՝ ընկերության չհրկիզվող պահարաններից մեկում պահելու համար։
Սեպտեմբերի 16-ին, երբ տնօրենը հաշվապահին խնդրել է նշված գումարից տրամադրել 2 մլն դրամ, րոպեներ անց վերջինս հայտնել է, որ անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել են։
«ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը մոր՝ ընկերության հաշվապահի օժանդակությամբ կատարել է Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը», - նշված է հաղորդագրության մեջ։
65-ամյա կինը և 36-ամյա որդին ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

