ՀՀ–ում ամուսինը կնոջն ընթացող մեքենայից դուրս է հրել 4-ամյա դստեր աչքի առաջ

15.09.2026, 18:05
Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը
ՀՀ–ում ամուսինը կնոջն ընթացող մեքենայից դուրս է հրել 4-ամյա դստեր աչքի առաջ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում Ա․Ս․-ն պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 24-ին՝ հերթական վիճաբանության ժամանակ, ընթացող մեքենայից հրելու միջոցով դուրս է գցել կնոջը՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Վերը նշված արարքները կատարվել են վերջիններիս 4-ամյա դստեր ներկայությամբ, որի հետևանքով երեխային պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: