Ավելուկով գաթա և 10 արծաթե հուշամեդալ․ ի՞նչ է սպասվում այցելուներին Գաթայի փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Վայոց Ձորի Խաչիկ գյուղում կմեկնարկի Գաթայի ամենամյա փառատոնը։
Այս տարի փառատոնը նշում է իր հոբելյանական 10-ամյակը։ Կազմակերպիչների խոսքով` այն վերադառնում է իր ավանդույթով և ավելի ջերմ ու տոնական տրամադրությամբ։
«Հյուրերին սպասվում է հագեցած մշակութային ծրագիր. կլինեն համերգային ելույթներ հայտնի երգիչ-երգչուհիների կատարմամբ, ազգային երգ ու պար՝ կենդանի նվագակցությամբ, լարախաղաց, վարպետության դասեր՝ կավագործություն, Մարաշի ասեղնագործություն», - ասաց Խաչիկ բնակավայրի մշակույթի պատասխանատու Բելլա Առաքելյանը փառատոնին նվիրված ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` այցելուները հնարավորություն կունենան նաև հետևելու գաթայի պատրաստման գործընթացին, իսկ գյուղացիները կներկայացնեն իրենց արտադրանքը։
Գաթան՝ Խաչիկի խորհրդանիշ
Խաչիկ գյուղում գաթան միայն ուտեստ չէ. այն հյուրընկալության և հարգանքի խորհրդանիշ է։ Դեռ հին ժամանակներից հյուրերին դիմավորել են գաթայով, իսկ ճանապարհելիս նրանց հետ նույնպես գաթա են դրել։
Փառատոնում կներկայացվեն գաթայի տարբեր տեսակներ՝ այդ թվում ավելուկով, կաթնաշոռով և ընկույզով։
Մեծ գաթայի գաղտնիքը
Փառատոնի ամենասպասված պահերից մեկը մեծ գաթայի ներկայացումն է։ Անցած տարի դրա տրամագիծը կազմել է 4 մետր 48 սանտիմետր, իսկ այս տարվա չափը կազմակերպիչները դեռ չեն բացահայտում։
Հոբելյանական 10-ամյակի առթիվ մեծ գաթայի մեջ կտեղադրվի 10 արծաթե հուշամեդալ։ Դրանց բաժին հասած մասնակիցները կդառնան տարվա հաջողակներ և կմասնակցեն հաջորդ տարվա փառատոնի գաթայի կտրման արարողությանը։
Մեծ գաթայի կտրման արարողությունը նախատեսված է ժամը 16:00-ին՝ օրհնության կարգով։
200 մասնակցից` 6 հազար այցելու
Փառատոնը Խաչիկում անցկացվում է 2014 թ.-ից, սակայն պատերազմական իրադարձությունների պատճառով երկու տարի չի անցկացվել։
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով՝ առաջին տարում այն գյուղի փոքրիկ տոն էր, որին մասնակցել էր մոտ 200 մարդ։ Նախորդ տարի արդեն փառատոնին մոտ 6 հազար մարդ է այցելել։
«Հիմա բնակիչների քանակն ավելի քիչ է, քան զբոսաշրջիկների»,– ասաց Մանուկյանը։
Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ նշեց, որ փառատոնի այցելուները կարող են նաև ծանոթանալ Խաչիկի պատմամշակութային վայրերին՝ այցելելով 5-րդ դարի Քարակոփ՝ Խոտակերաց եկեղեցի և Առաստամուղ թանգարան։

