Երևանի դպրոցները ժամանակավորապես անցնում են վեցօրյա ուսուցման

15.09.2026, 16:53
Երևանի դպրոցները հինգ շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման
Երևանի դպրոցները ժամանակավորապես անցնում են վեցօրյա ուսուցման

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի դպրոցները հինգ շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման՝ պայմանավորված Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Նախարարության տվյալներով` հոկտեմբերի վերջին երկու շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն կազմակերպվի։ Դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն 6-օրյա ռեժիմով։

2-12-րդ դասարանցիների համար այդ շաբաթներից մեկը համընկնում է ուսումնական օրացույցով նախատեսված աշնանային արձակուրդների հետ, որոնք նախապես պլանավորված էին հոկտեմբերի 26-30-ը՝ 5-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում, և հոկտեմբերի 26-31-ը՝ 6-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում։

Առաջին դասարանցիների համար երկու շաբաթ տևողությամբ աշնանային արձակուրդները սկզբնապես նախատեսված են եղել ուսումնական օրացույցով՝ հոկտեմբերի 19-ից 30-ը՝ հնգօրյա ուսումնական շաբաթվա դեպքում, և մինչև հոկտեմբերի 31-ը՝ վեցօրյա ուսումնական շաբաթվա դեպքում:

COP-17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որն այս տարի կանցկացվի Երևանում հոկտեմբերի 19-30-ը։