Տեղեկանալ, հարցնել, ընտրել. 7 միջոց, որոնցով մեդիան ամրապնդում է ժողովրդավարությունը

15.09.2026, 10:55
Ժողովրդավարությունն սկսվում է այնտեղ, որտեղ մարդն իրավունք ունի ոչ միայն ընտրելու, այլև տեղեկանալու: Իմանալ, թե ինչ է կատարվում երկրում, հարցեր տալ իշխանությանը, լսել տարբեր կարծիքներ և ինքնուրույն որոշել, թե ում հավատալ: Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ «Նովոստի-Արմենիան» ներկայացնում է 7 միջոց, որոնց շնորհիվ անկախ մեդիան նպաստում է ժողովրդավարության զարգացմանը
Տեղեկանալ, հարցնել, ընտրել. 7 միջոց, որոնցով մեդիան ամրապնդում է ժողովրդավարությունը

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 15 /Նովոստի-Արմենիա/. Ժողովրդավարությունն սկսվում է այնտեղ, որտեղ մարդն իրավունք ունի ոչ միայն ընտրելու, այլև տեղեկանալու: Իմանալ, թե ինչ է կատարվում երկրում, հարցեր տալ իշխանությանը, լսել տարբեր կարծիքներ և ինքնուրույն որոշել, թե ում հավատալ:

Ժողովրդավարությունն ու մեդիան սերտորեն կապված են. ժողովրդավարությունը կարիք ունի իրազեկված հասարակության, իսկ մեդիան ստեղծում է տիրույթ, որում քաղաքացիները տեղեկատվություն են ստանում, քննարկում իշխանության որոշումները և կարող են պատասխանատվություն պահանջել նրանից:

Ազատ լրագրությունն օգնում է հասարակությանը վերահսկել իշխանությանը, բարձրացնել թեմաներ, որոնց մասին չի կարելի լռել, և տարբերել փաստերը քաղաքական հայտարարություններից:

Բայց սոցիալական ցանցերի, արհեստական բանականության և տեղեկատվական հեղեղի դարաշրջանում մեդիայի առջև նոր խնդիր է ծառացած՝ ոչ պարզապես արագ հայտնել լուրերը, այլ օգնել մարդուն կողմնորոշվել այն աշխարհում, որտեղ ճշմարտությունն ամենից հաճախ մանիպուլյացիայի հետ հարևանությամբ է ապրում:

Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 15-ին, «Նովոստի-Արմենիան» ներկայացնում է 7 միջոց, որոնց շնորհիվ անկախ մեդիան նպաստում է ժողովրդավարության զարգացմանը.

1.Իրազեկում են քաղաքացիներին

Մեդիան օգնում է հասարակությանը հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում և աշխարհում. ինչ որոշումներ են ընդունում իշխանությունները, ինչպես են դրանք ազդում մարդկանց կյանքի վրա և ինչ հետևանքներ կարող են ունենալ:

2. Ապահովում են հասարակական վերահսկողություն

Լրագրությունն ի զորու է անհարմար հարցեր տալ, հետաքննել չարաշահումները, ստուգել պաշտոնյաների հայտարարությունները և ցույց տալ խնդիրներ, որոնք այլ կերպ կարող էին աննկատ մնալ:

3. Ձայնի իրավունք են տալիս հասարակության տարբեր խմբերին

Ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների բազմազանություն: Մեդիան հարթակ է տրամադրում քննարկման համար՝ հնարավորություն տալով հնչեցնելու քաղաքացիների, փորձագետների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական ուժերի դիրքորոշումները:

4. Ստեղծում են տիրույթ հասարակական երկխոսության համար

ԶԼՄ-ների միջոցով հասարակությունը ոչ միայն տեղեկատվություն է ստանում, այլև քննարկում կարևոր հարցեր: Հենց հրապարակային քննարկումն է օգնում ձևավորել գիտակցված վերաբերմունք պետության որոշումների նկատմամբ:

5. Օգնում են քաղաքացիներին գիտակցված ընտրություն կատարել

Ընտրությունների ժամանակ մեդիան հնարավորություն է տալիս համեմատել թեկնածուների ծրագրերն ու դիրքորոշումները, վերլուծել նրանց հայտարարությունները և գնահատել նրանց գործունեության արդյունքները:

6. Պաշտպանում են հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը

Տեղեկատվության ազատ հասանելիությունը ժողովրդավարական հասարակության կարևորագույն տարրերից մեկն է: Որքան շատ արժանահավատ տեղեկատվություն է հասանելի քաղաքացիներին, այնքան փոքր է մանիպուլյացիաների և ապատեղեկատվության տարածքը:

7. Իշխանությանն ավելի հաշվետու են դարձնում

Երբ պետական ինստիտուտների գործողությունները գտնվում են լրագրողների և հասարակության ուշադրության կենտրոնում, իշխանությունները ստիպված են լինում բացատրել իրենց որոշումները և պատասխանել քաղաքացիների հարցերին: Բայց կարևոր է իմանալ. Մեդիան ինքնին չի երաշխավորում ժողովրդավարությունը: Դրանց դերը կախված է խոսքի ազատությունից, լրագրության անկախությունից, տեղեկատվության հասանելիությունից, մասնագիտական չափանիշներից և փաստերը մանիպուլյացիաներից տարբերելու կարողությունից:

Ժողովրդավարությունը քաղաքացիներին իրավունք է տալիս մասնակցել որոշումների ընդունմանը, իսկ ազատ և մասնագիտական մեդիան օգնում է նրանց դա անել գիտակցաբար: Եվ հակառակը. առանց անկախ մեդիայի ժողովրդավարությանն սկսում է ավելի դժվար գործել, քանի որ քաղաքացիները կորցնում են բազմազան տեղեկատվություն ստանալու, իշխանությանը վերահսկելու և հասարակական քննարկմանը լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունը: