Ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դատարանը երկու ամսով երկարաձգել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը, հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
«Դատարանը բավարարեց կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Միակ բանը, որ արձանագրվեց, բժշկական օգնություն ստանալու իրավունքն էր. քննիչին և բոլոր համապատասխան մարմիններին պարտավորեցրին ապահովել այն», — հայտարարել է պաշտպանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ դատարանի որոշումը պայմանավորված չէ քրեական վարույթի հանգամանքներով «բառի բուն իմաստով»։ Դատական նիստից այլ մանրամասներ նա չի հայտնել։
Նախօրեին «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր Թևանյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Համաձայն հայտարարության՝ բժշկական զննման ընթացքում նրա զարկերակային ճնշումը կտրուկ ընկել է։
Քրեական գործի մասին
Մայիսի 21-ին ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։
Քննչական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա.Թ.-ն (Անդրանիկ Թևանյան, խմբ․), հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, 622 հազար դոլարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։

