ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու մասին, հայտնել է փաստաբան և դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այս որոշումը չի նշանակում Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկում, ինչպես ավելի վաղ հայտնել էին որոշ ԶԼՄ-ներ։
«Խոսքը բացառապես մեղադրանք առաջադրելու համաձայնության մասին է», — հայտարարել է Վարդևանյանը։
Նա հավելել է, որ ԿԸՀ-ն քննարկում է երկրորդ միջնորդությունը՝ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ազատազրկում կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանն իր հերթին հայտարարել է, որ ԿԸՀ-ն չունի Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու լիազորություններ։
«ԿԸՀ–ն, չունենալով նման լիազորություն, Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Սա հերթական ապօրինի, խայտառակ որոշումն է։ ԿԸՀ–ն չունի նման լիազորություն։ Արդեն երեկվանից, երբ բաշխվեցին պատգամավորական մանդատները, Նարեկ Կարապետյանն ունի անձեռնմխելիություն», – հայտարարել է Ղահրամանյանը։
Միաժամանակ «Առաջին լրատվականը», հղում անելով Գլխավոր դատախազությանը, հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Կառույցի մյուս միջնորդությունը՝ Կարապետյանին ազատությունից զրկելու մասին, դեռ քննարկվում է:
Հիշեցնենք՝ փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:
Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Իրավաբանի գնահատականը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը «իրավունքի հերթական դեֆորմացիա և իրավական վակխանալիա» է անվանել «այն ամենը, ինչ տեղի է ունենում վերջին երկու օրվա ընթացքում»։
«Սա բացառապես քաղաքական վրեժխնդրություն է, այս ամենն որևէ առնչություն չունի իրավական գործընթացի հետ և նպատակաուղղված է Նարեկ Կարապետյանին քաղաքական դրդապատճառներով ազատազրկելուն ու նրա քաղաքական մեկուսացմանը հասնելուն», — նշել է Մելոյանը։

