Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ մեկ անձ կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ, հայտնում է Քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն, ձեռքի հորատման գործիքների միջոցով, ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ:
Դեպքի վայրում խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են հագուստներ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:
«Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ քննիչի միջնորդությունների հիման վրա` հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Կ.Մ.-ի, Հ.Մ.-ի և Լ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը)», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նրանցից մեկը կալանավորվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Այս տարվա սեպտեմբերի կեսերին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ծավ գյուղի խմելու ջրում հայտնաբերվել է սնդիկի սահմանային թույլատրելի մակարդակի գերազանցում: Բնակիչներից մեկը հայտնել էր, որ նկատել է մետաղական զանգված իր տան ծորակից հոսող ջրում: Տուժածներ չեն եղել, սակայն գերատեսչությունը Ծավի բնակիչներին կոչ է արել մինչև ջրի որակի վերականգնումը այն չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

