Իրանից Հայաստան ժամանած բեռնատարներում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ (ՎԻԴԵՈ)

20.11.2026, 19:23
Հայաստանում բացահայտվել են աննախադեպ քանակությամբ ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր. ՎԻԴԵՈ
Իրանից Հայաստան ժամանած բեռնատարներում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում բացահայտվել են աննախադեպ քանակությամբ ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր։

Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

«Մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկվել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։ Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է ընդհանուր 247 հազար 100 տուփ չհայտարարագրված ծխախոտ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ-ի տվյալներով՝ նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից նշված ծխախոտը ՀՀ տարածք անօրինական ներմուծելու հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 96 մլն 369 հազար դրամի ակցիզային հարկ։

Նշված դեպքերի առնչությամբ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։