Վաղաժամ ծննդաբերության դեպքում արձակուրդի նոր կարգ է առաջարկվում․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

20.11.2026, 20:25
Առաջարկվում է փոխել վաղաժամ ծննդաբերության դեպքում արձակուրդի տրամադրման կարգը․ ի՞նչ է նախատեսվում
Վաղաժամ ծննդաբերության դեպքում արձակուրդի նոր կարգ է առաջարկվում․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում մի շարք փոփոխություններ նախատեսող նախագիծ, որի դրույթներից մեկը վերաբերում է վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգին։

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

Գործող կարգավորումները

Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածով աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝

  •       140 օր՝ 70 օր հղիության և 70 օր ծննդաբերության ժամանակահատվածի համար,
  •       155 օր՝ 70 օր հղիության և 85 օր ծննդաբերության ժամանակահատվածի համար՝ բարդ ծննդաբերության դեպքում,
  •    180 օր՝ 70 օր հղիության և 110 օր ծննդաբերության ժամանակահատվածի համար՝ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում։

Գործող կարգավորմամբ՝ ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին։ Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը վճարվում է մայրության նպաստ։

Միևնույն ժամանակ, եթե կինը ծննդաբերում է վաղաժամ և մինչ այդ չի գտնվել հղիության արձակուրդում, մայրության նպաստը տրամադրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար։

Ի՞նչ է առաջարկվում փոխել

Նախագծով առաջարկվում է հստակեցնել ժամկետից շուտ ծննդաբերելու դեպքում տրամադրվող արձակուրդի ժամկետները՝ այն փոխկապակցելով հղիության տևողությանը։

Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ տարբերակումը.

  •        Հղիության 210-րդ օրը կամ դրանից հետո ծննդաբերելու դեպքում կինը կօգտվի ինչպես հղիության, այնպես էլ ծննդաբերության արձակուրդի մասից։
  •      Հղիության 154-րդ օրվանից մինչև 209-րդ օրը ներառյալ ծննդաբերելու դեպքում կինը կօգտվի միայն ծննդաբերության արձակուրդի մասից։

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող մյուս փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։