Նորագավիթի մոտ երթևեկությունը կփոխվի տրանսպորտային հանգույցի կառուցման պատճառով (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2026թ. հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։ Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։
Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում քաղաքապետարանը խնդրում է օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։
«Խնդրում ենք լինել ուշադիր, պահպանել արագության սահմանափակումները և հետևել ճանապարհային նշաններին», – նշվում է հաղորդագրության մեջ։




