Հայաստանի երկինքը կլցվի օդապարիկներով․ 8–րդ անգամ կանցկացվի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. «Բացահայտիր Հայաստանը երկնքից» (Discover Armenia from the Sky) օդագնացության VIII միջազգային փառատոնը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6–11-ը։
Փառատոնը կազմակերպում է SkyBall ընկերությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Նախատեսվում է Հայաստանից և արտերկրից շուրջ 20 օդապարիկների մասնակցություն։
Հայաստանի օդագնացության սպորտի ֆեդերացիայի տվյալներով՝ օդապարիկներով թռիչքներ նախատեսվում է իրականացնել Երևանում, Գառնիի շրջանում և Ապարանի ջրամբարի տարածքում։ Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև մարզական թռիչքներ։
Այս տարի փառատոնին զուգահեռ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի օդագնացության բաց առաջնություն։ Այն նախատեսված է հոկտեմբերի 5–9-ը, իսկ մրցումների հիմնական վայրը կլինի Ապարանի ջրամբարի հարակից տարածքը։
Ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մրցումները կանցկացվեն Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (FAI) և նրա Օդագնացության միջազգային հանձնաժողովի (CIA) մարզական կանոններին ու չափանիշներին համապատասխան։
«Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնն անցկացվում է ութերորդ անգամ։ 2017–2025 թվականներին Հայաստանում կազմակերպվել է յոթ նման փառատոն։

