ՌԴ–ում նախատեսում են պարտադրել միգրանտներին ձեռք բերել բջջային հեռախոս՝ էլեկտրոնային պրոֆիլով

16.07.2026, 10:15
Ռուսաստան երկարաժամկետ կամ աշխատանքի նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիներին հեռանկարում կարող են պարտադրել ձեռք բերել բջջային հեռախոս՝ էլեկտրոնային պրոֆիլով
ՌԴ–ում նախատեսում են պարտադրել միգրանտներին ձեռք բերել բջջային հեռախոս՝ էլեկտրոնային պրոֆիլով

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստան երկարաժամկետ կամ աշխատանքի նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիներին հեռանկարում կարող են պարտադրել ձեռք բերել բջջային հեռախոս՝ էլեկտրոնային պրոֆիլով, հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Իգոր Զուբովը, հաղորդում է РБК-ն:

Նրա խոսքով՝ նման համակարգը ՆԳՆ-ին թույլ կտա տվյալներ ստանալ միգրանտների գտնվելու վայրի մասին և վերահսկել նրանց կողմից կեցության վայրի փոփոխությունը:

«Յուրաքանչյուր միգրանտ գրանցվելիս, ով գալիս է այստեղ, հատկապես աշխատանքային նպատակով կամ երկար ժամանակով, պարտավոր կլինի հեռախոս ձեռք բերել: Այդ հեռախոսում կլինի նրա էլեկտրոնային պրոֆիլը»,- հայտարարել է Զուբովը Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նիստում։

Նա հավելել է, որ հեռախոսի միջոցով օտարերկրացիներին հնարավոր կլինի ծանուցումներ ուղարկել փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտի կամ պետական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին:

2025 թվականի սեպտեմբերի 1-ից Մոսկվայում և Մոսկվայի մարզում թեստավորվում է «Ամինա» բջջային հավելվածը, որը ՆԳՆ-ին է փոխանցում օգտատիրոջ գեոլոկացիայի (տեղորոշման) տվյալները: Դրա օգտագործումը պարտադիր է առանց վիզայի ռեժիմով Ռուսաստան ժամանող չափահաս օտարերկրացիների համար։

ՆԳՆ տվյալներով՝ դեկտեմբերի կեսերին ավելի քան 139 հազար մարդ հանվել է միգրացիոն հաշվառումից՝ հավելվածում գեոտվյալների բացակայության պատճառով։ Հաշվառումից հանումը տեղի է ունենում, եթե օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկությունները համակարգ չեն մուտքագրվում ավելի քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, նշում է РБК-ն: