ԱՄՆ-ն կկարողանա «շատ շուտով» կառավարվող թռիչք կազմակերպել դեպի Մարս. Թրամփի ելույթը՝ ԱՄՆ-ի Անկախության 250-ամյակի առթիվ

05.07.2026, 11:27
ԱՄՆ  Անկախության  250-ամյակին Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» կկարողանա դեպի Մարս իրականացնել կառավարվող թռիչք
ԱՄՆ-ն կկարողանա «շատ շուտով» կառավարվող թռիչք կազմակերպել դեպի Մարս. Թրամփի ելույթը՝ ԱՄՆ-ի Անկախության 250-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» կկարողանա դեպի Մարս իրականացնել կառավարվող թռիչք։

«Մենք շատ շուտով կմեկնենք Մարս», - ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ մայրաքաղաքում Անկախության 250-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ մենք կհասնենք Լուսին և կշարժվենք առաջ: Իսկ հետո մենք կմեկնենք Մարս», - հավելել է ամերիկյան առաջնորդը:

Թրամփը հիշեցրել է, որ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում իր վարչակազմի նախաձեռնությամբ ստեղծվել են ԱՄՆ Տիեզերական ուժերը:

«Ոմանք հեգնում էին, նրանք կարծում էին, թե դա հիմարություն է: Իսկ հիմա հասկանում են, որ դա մեր արած ամենակարևոր բաներից մեկն է», - նշել է նա:

«Մենք տիեզերքում պարտվում էինք Չինաստանին և Ռուսաստանին, իսկ հիմա հսկայական քայլերով առաջ ենք անցնում նրանցից», - պնդել է Թրամփը:

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) ղեկավար Ջարեդ Այզեքմանը մայիսին հայտարարել էր, որ գերատեսչությունը մտադիր է մինչև 2032 թ.-ը Լուսնի վրա տեղակայել ամերիկյան բնակեցված կայան: NASA-ի ներկայացուցիչները նշել են, որ Լուսնի վրա հույս ունեն փորձարկել այն տեխնոլոգիաները, որոնք հեռանկարում թույլ կտան կառավարվող թռիչք իրականացնել դեպի Մարս։ Գերատեսչությունում ակնկալել են, որ այն կարող է կազմակերպվել մինչև 2040 թվականը: