Ֆիզիկան ընդդեմ ճարտարապետության․ ինչպես է ամառային տապը «ստիպել» Էյֆելյան աշտարակին աճել 10 սմ–ով
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Էյֆելյան աշտարակը զգայուն է բարձր ջերմաստիճանների նկատմամբ և կրկին փորձության է ենթարկվել հունիսի վերջին Ֆրանսիայում գրանցված վերջին տապի ժամանակ։
1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար կառուցված «երկաթե տիկինը» երբեմն փոխում է իր չափսերը ջերմաստիճանի տատանումների պատճառով, գրում է RTL France ռադիոկայանը։
Ի սկզբանե աշտարակի բարձրությունը 300 մետր էր, սակայն այսօր այն հասնում է 330 մետրի 2022 թվականի մարտի 15-ին վեց մետրանոց ռադիոալեհավաքի տեղադրումից հետո։ Բացի այդ, կառույցը կարող է «աճել» կամ «սեղմվել» մի քանի սանտիմետրով՝ կախված տարվա եղանակից։
Ինչպես պարզաբանել է ինժեներ, ճարտարապետ և պատմաբան Բերտրան Լեմուանը, երկաթт ընդարձակվում է ջերմության ազդեցության տակ և սեղմվում ջերմաստիճանի նվազման դեպքում։ «-10-ից մինչև +40 աստիճան ջերմաստիճանի տատանումների դեպքում Էյֆելյան աշտարակը կարող է երկարել մոտ 10 սանտիմետրով. դա կազմում է մոտ 2 սմ յուրաքանչյուր 10 աստիճանի համար»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ աշտարակի տարբեր կողմերի արևային տաքացումն առաջացնում է մետաղի անհավասարաչափ ընդարձակում, ինչի պատճառով վերին մասը կարող է նկարագրել մոտ 10 սմ տրամագծով փոքր շրջան։ Այս էֆեկտն աննկատ է մարդու համար, նույնիսկ եթե նա գտնվում է կառույցի գագաթին։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նույնիսկ ուժեղ տապը վտանգ չի ներկայացնում Էյֆելյան աշտարակի անվտանգության համար, քանի որ երկաթի հալման ջերմաստիճանը կազմում է մոտ 1500 աստիճան։

