Հզոր երկրաշարժեր՝ Վենեսուելայում և Ճապոնիայում․ Վենեսուելայում կան տասնյակ զոհեր, հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին մեկ օրվա ընթացքում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել միանգամից երկու երկրում՝ Վենեսուելայում և Ճապոնիայում:
Առավել ծանր հետևանքներ են արձանագրվել Վենեսուելայում, որտեղ իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել, մինչդեռ Ճապոնիայում զոհերի և լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է Reuters-ը:
Վենեսուելայում տեղի է ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու հզոր ստորգետնյա ցնցում՝ մեկ րոպեից պակաս ընդմիջումով, որոնցից հետո գրանցվել են տասնյակ հետցնցումներ: Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են շենքերի փլուզման Կարակասում և այլ քաղաքներում, ենթակառուցվածքների վնասման և Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանի փակմանը: Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել:
Վերջին տվյալներով՝ տարերքի զոհ է դարձել առնվազն 32 մարդ, ավելի քան 700-ը ստացել են վնասվածքներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, իշխանությունները նախազգուշացնում են նոր հետցնցումների պահպանվող վտանգի մասին, տեղեկացնում է APNews-ը։
Միևնույն ժամանակ, ճապոնական Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ՝ Իվատե պրեֆեկտուրայի շրջանում, տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Զոհերի և մասշտաբային ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Որպես նախազգուշական միջոց՝ ժամանակավորապես դադարեցվել է որոշ գնացքների շարժը, ինչպես նաև ստուգումներ են անցկացվել կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներում։

