Թրամփը սպառնացել է առաջիկա գիշերը «շատ ուժեղ» հարված հասցնել Իրանին
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն առաջիկա գիշերն ուժգին հարված կհասցնի Իրանին, իր Truth Social սոցիալական ցանցի էջում զգուշացրել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միացյալ Նահանգներն այսօր գիշեր շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին (որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և պաշտպանության մյուս բոլոր ձևերը, ինչպես նաև նրա հարձակողական կարողությունների մեծ մասն այլևս չկան)։ Ինչ-որ պահի, ոչ այնքան հեռավոր ապագայում, մենք կգրավենք Խարգ կղզին և այլ նավթային ենթակառուցվածքներ ու կստանձնենք նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի հետ, ինչը հիանալի է և՛ Վենեսուելայի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ-ը հինգշաբթի օրը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ կիրառելով 49 Tomahawk թևավոր հրթիռներ և կործանիչներ՝ ՀՕՊ համակարգերը խոցելու համար։ CENTCOM-ի տվյալներով՝ թիրախավորվել են հակաօդային պաշտպանության, կապի և օդային դիտարկման օբյեկտները։ Հարվածներից հետո Իրանը հայտարարել է բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին։
ԱՄՆ-Իրան հակամարտության մասին
Իսրայելը 2026 թ.-ի փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:
Հնարավոր գործարքի 15 կետերը
Ըստ ԱՄՆ նախագահի՝ կողմերն արդեն փոխըմբռնման են հասել 15 առանցքային կետերի շուրջ, որոնցից հիմնականներն են.
· Իրանի հրաժարումը միջուկային զենքի մշակումից և ուրանի հարստացումից։
· Հարստացված ուրանի առկա պաշարների հանձնումը ԱՄՆ-ին։
· Բացել Հորմուզի նեղուցը։
· Զսպվածություն հրթիռային ծրագրի հարցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սույն թվականի մայիսի 24-ին ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ Գործարքի դրույթներից մեկը վերաբերում է միջուկային զենքին. Իրանը պարտավոր է հրաժարվել դրա ստեղծման ծրագրերից, ինչպես նաև բանակցություններ սկսել ուրանի հարստացման ծրագրի կասեցման և հարստացված հումքի առկա պաշարների դուրսբերման շուրջ։
Հունիսի 9-ին The New York Times-ը, հղում անելով ամերիկյան պաշտոնյաների շրջանում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը բանակցությունների արդյունքում հասել են միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրի աղոտ ուրվագծերին՝ ուրանի հարստացման երկարատև կասեցում, ուրանի հարստացման մակարդակի «նվազեցում», Իրանի միջուկային օբյեկտների ապամոնտաժում, Իրանի համաձայնությանը չնախատեսված ստուգումների անցկացմանը։
Նույն օրը Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքը կկնքվի երկու շաբաթվա ընթացքում։

