Աղբատար «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել ավտոբուսին. տուժածը հիվանդանոցում է
11.06.2026,
18:42
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։20-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Հ. Ղ․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի աղբատարով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Երևանի բնակիչ 64-ամյա Ա. Բ․-ի վարած թիվ 6 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսին։
Ինչպես հայտնում է կայքը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

