«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
Այս մասին հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ից։
Արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ ալգորիթմի մշակումը։
Որոշումն ընդունվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումների պատճառով։ Ծառայությունը, ընթացիկ տարվա մայիսից սկսած, փուլ առ փուլ սահմանափակել է հայկական կարանտինային արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը, ինչպես նաև բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին մատակարարումների խախտումների վերաբերյալ։
Այնուամենայնիվ, կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են։ Հունիսին հայտնաբերվել է Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի՝ կապրոպ կերակրակերով (капровый жук) վարակման 3 դեպք։
Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից ոչ բավարար վերահսկողության մասին և անվստահություն է առաջացնում բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ։ Կարանտինի և բույսերի պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական անվտանգությունը։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»:
Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին):
Նաև Ռոսսելխոզնադզորում հայտարարել են, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան ստացողների հասցեով հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների:
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում:
Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված մթերքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա:

