«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից կսահմանափակի ՀՀ-ից խաղողի, դեղձի, ծիրանի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա։
Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունիսի 2-ից ՀՀ ծագման և առաքման կորիզավոր մրգերի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 կոդից՝ բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0806 կոդից) ներմուծման, ինչպես նաև նշված արտադրանքի դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։
Այս մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը։
Գերատեսչությունը որոշումը բացատրում է «հայկական արտադրանքի մատակարարումների ժամանակ ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակիացած խախտումներով», ինչպես նաև «հայկական արտադրանքում կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ»։ «Ռոսսելխոզնադզորը» գտնում է, որ ստեղծված իրավիճակը կարող է վտանգել Ռուսաստանի և ԵԱՏՄ բուսասանիտարական անվտանգությունը։
Հայտարարության մեջ ենթադրություն է արվում, որ խախտումների հայտնաբերման հաճախակիացած դեպքերը վկայում են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, որի արդյունքում կառուցվածքային բարեփոխմամբ լիազորությունները վերապահվել էին էկոնոմիկայի նախարարությանը։
«Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի հաղթահարում այն լիազորությունները, որոնք իրեն են վերապահվել գյուղնախարարության օպտիմալացումից հետո»,- համարում են «Ռոսսելխոզնադզորում»։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։
Նաև Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր դժգոհությունների մասին՝ կապված Հայաստանից ՌԴ մատակարարվող մրգի և բանջարեղենի հետ։
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

