Դեպի «Ամբերդ» տանող ճանապարհն արդեն անցանելի է

01.06.2026, 20:17
«Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է
Դեպի «Ամբերդ» տանող ճանապարհն արդեն անցանելի է

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ Պահպանության Ծառայությունից։

«Հունիսի 2-ից «Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կաշխատի և սիրով կընդունի իր այցելուներին հետևյալ գրաֆիկով՝ երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00-ը, երկուշաբթի՝ ժամը 10։00-19։00-ը», - նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հիշեցնում են, որ Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են վերականգնման աշխատանքներ։ Իրականացվել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Դրանք շարունակվելու են ևս 2-3 տարի՝ զուգահեռաբար ընդունելով այցելուներին։ Անվտանգությունից ելնելով՝ այս ընթացքում միայն միջնաբերդը ժամանակավորապես «կկոնսերվացվի»։ Միջնադարյան կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։

Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում այն եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։14-րդ դարի վերջից երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, լքվել ու ամայացել է։

Այսօր Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից է, որը տարեկան միջինը 25-30 հազար այցելու է ունենում։