Հայաստանի համար գազի արտոնությունները Ռուսաստանի կողմից օգնություն են Երևանին․ Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի համար գազի արտոնությունները Ռուսաստանի կողմից օգնություն են, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Արտոնություն, այն միշտ ինչ-որ մեկի հաշվին է: Այսինքն՝ այն արտոնությունը, որը ստանում են հայերը, դա միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չի ընկնում: Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ դա «ներդրում է Հայաստանի զարգացման մեջ»:
«Դա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական: Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերն իրենց անուններով կոչել, դա մեր օգնությունն է Հայաստանին», - հայտարարել է Պեսկովը:
Նա նաև հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ Հայաստանի գազային պայմանավորվածությունները կոմերցիոն գործ են:
«Այնտեղ կա արտոնյալ գին, այն կարող է լինել ավելի բարձր, այն կարող է լինել ավելի ցածր, կարող է վերանայվել: Եվ կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը: Դա կորպորատիվ հարց է, դրա համար պետք է դիմել «Գազպրոմին»», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Հայաստանի հետ գազային համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին:
Նշենք, որ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
Ավելի վաղ «Կոմերսանտը» հայտնել էր, որ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը նամակ է հղել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում, մասնավորապես, նշվում է, որ ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստանի հետ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալության հայցին ի պատասխան, հայտարարել է, որ գերատեսչությունը նամակ չի ստացել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովից։
2013 թվականի համաձայնագրով՝ Ռուսաստանն անժամկետ չեղարկել է նավթամթերքի, գազի և ադամանդների՝ Հայաստան մատակարարումների արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության ճանապարհին, որի կազմում այսօր ներառված են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը։ Համաձայնագրով Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով՝ հաստատված ինդիկատիվ հաշվեկշիռներով, ընդ որում՝ արգելվում է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով ամրագրվում է նաև, որ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները՝ Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես ՌԴ հանդեպ պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը։
Հայաստան գազի մատակարարումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է, Ռուսաստանից Հայաստան ներքին սպառման համար բնական գազի մենաշնորհային մատակարարը։ Գազի մատակարարումներն իրականացվում են Վրաստանի տարածքով տարանցմամբ, սահմանին ռուսական գազի գինը կազմում է $165՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
2009 թվականի մայիսի 15-ից Հայաստանը գազ է ստանում նաև Իրանից՝ Իրան-Հայաստան գազատարով։ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական «կապույտ վառելիքը» հայկական տարածքում վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է ԻԻՀ արտահանման համար՝ 3 կՎտժ՝ 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց հաշվարկով։
2023 թվականի օգոստոսին Հայաստանն ու Իրանը մինչև 2030 թվականը երկարաձգել են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի գործողության ժամկետը, որը նախատեսում է գազի ներկրման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացում։

