Առաջարկվում է ատեստավորման արդյունքում թանգարանային ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը հասցնել շուրջ 200 հազ․ դրամի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Կառավարությունն ընդունեց պետական բյուջեի մասին օրենքում 151.8 մլն դրամ վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է ատեստավորման համակարգ ներդնել նաև թանգարանային ոլորտում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` թանգարանային ոլորտում վարձատրության մակարդակը շարունակում է մնալ ոչ մրցունակ, որն առաջացնում է համակարգային խնդիրներ՝ երիտասարդ կադրերի ներգրավման ցածր հետաքրքրվածություն, մասնագիտական աճի և վերապատրաստման սահմանափակում, ինչպես նաև թանգարանային կառավարման և պահպանության որակի անկման ռիսկ:
«Ըստ այդմ՝ մշակվել է և հաստատվել է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, որը հաստատված է նախարարի հրամանով և արդեն իսկ պաշտոնապես հրապարակված է: Այժմ նաև հատկացնելով անհրաժեշտ միջոցները՝ մենք կկարողանանք թանգարանային ոլորտում մեկնարկել ատեստավորման գործընթացը, որն իրենից կներկայացնի բանավոր և գրավոր թեստավորման փուլերի համակցություն: Հուլիսից սկսած՝ արդեն իսկ ատեստավորման գործընթացից հետո դրական հաղթահարած աշխատակիցները կկարողանան համապատասխան հավելավճարներ ստանալ: Միջինում նախատեսում ենք վարձատրության համակարգի 57 տոկոս աճ», - ասաց Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ առանձնացված են պաշտոնների 8 խմբեր, որտեղ մասնագիտական տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցներ կան, և արդյունքում՝ միջին ամսական աշխատավարձը կհասնի շուրջ 200 հազար դրամի:
«Կամակարգը փորձել ենք ձևավորել այնպես, որ թանգարանային աշխատողների մեծամասնության համար հասանելի դառնա նաև ատեստավորման հաղթահարման պարագայում առողջության ապահովագրության համակարգից օգտվելը, ինչը լրացուցիչ երաշխիքներ կընձեռի այս ոլորտի աշխատակիցների համար», - նշեց նախարարը:
Նա հայտնեց, հաջորդիվ պլաններում է նաև գրադարանային համակարգում նման մեխանիզմների ներդրումը:

