ԵԱՏՄ գագաթնաժողովը չի որոշի ՀՀ-ի ճակատագիրը, սակայն Երևանից պարզաբանումներ են անհրաժեշտ. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանը կշարունակի մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջոցառումներին, չի կարելի խոսել այն մասին, թե ներկայիս գագաթնաժողովը կորոշի Հայաստանի ճակատագիրը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ոչ մի դեպքում, դա սխալ է, այդպես չի կարելի ասել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ առաջիկա գագաթնաժողովում կորոշվի Հայաստանի ճակատագիրը։
«Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց, այնուամենայնիվ, կմասնակցի։ Երկրի ողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով, դա հասկանալի է»,- հավելել է նա։
Մայիսի 28-29-ը Աստանայում տեղի կունենա Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը և Եվրասիական տնտեսական ֆորումը։ Միջոցառումներին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների, Միությանն առընթեր դիտորդ պետությունների ղեկավարները, ինչպես նաև հրավիրված բարձրաստիճան հյուրեր։ Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Միևնույն ժամանակ, Պեսկովը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող համոզել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ-ից։
«Խնդրել, իհարկե, ոչ ոք չի կարող Հայաստանին, առավել ևս, որ նրանք արդեն օրենսդրորեն կողմնորոշվել են այդ հարցում։ Բայց, անշուշտ, որոշակի պարզաբանումներ անհրաժեշտ կլինեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հայաստան-ԵԱՏՄ-ԵՄ. գլխավորը
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին։ Միության կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2026 թվականի I եռամսյակում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 1,41 մլրդ դոլար՝ արձանագրելով 15,6% անկում, իսկ Եվրամիության հետ՝ 763,2 մլն դոլար՝ 54,3% աճով։
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը։
2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարել են, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունությանն աջակցելու մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծում էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ ստանդարտներ, բայց առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։
2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Դրան մասնակցել են ԵՄ երկրների, Եվրոպայի այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի հիմնական կարգախոսն էր «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»։

