Պապոյան. ՀՀ-ից ծաղիկների ներմուծումն արգելելու վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական գրություն չենք ստացել

21.05.2026, 16:07
Պապոյանն անդրադարձել է ՀՀ-ից ծաղիկների ներմուծման նկատմամբ «Ռոսսելխոզնաձոր»-ի ժամանակավոր սահմանափակումներին
Պապոյան. ՀՀ-ից ծաղիկների ներմուծումն արգելելու վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ից պաշտոնական գրություն չենք ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Ռոսսելխոզնաձոր»ից դեռևս պաշտոնական գրություն չի ստացվել՝ ՀՀ-ից ծաղիկների ներմուծման նկատմամբ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ։

«Պաշտոնական գրություն չենք ստացել այդ մասով, չեմ կարող մեկնաբանել։ Գիտեմ, որ «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ կան և կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են իրականացնում։ Դրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր։ Եթե դրական եզրակացության լինի, կբացվի նրանց համար արտահանման հնարավորությունը»,- ասաց Պապոյանը ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ դրանք ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են։

Պապոյանը չի բացառել նաև, որ Հայաստանում կան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողներն ու ֆերմերները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն։

«Մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռաբար կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Օրինակ՝ Wildberries-ի և Ozon-ի դեպքում մեծ հաշվով արդեն լուշված է»,- ասաց նախարարը։

Պապոյանն արձանագրեց նաև լուրջ հաջողություններ դիվերսիֆիկացիայի մասով։

«2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան կրկնապատկվել է։ Կրկնապատկվել է նաև Հայաստանից ԵՄ արտահանումը», - նշեց նախարարը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»ից հայտնել էին, որ 2026 թ․-ի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանում աճեցվող և առաքվող ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգության ու արտահանման ներուժը պաշտպանելու համար, և այն կգործի մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։