Հայաստանում հեղուկ գազի գինը կնվազի. շուկա է մտնում իրանական վառելիքը

13.05.2026, 18:44
Առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, ասել է նախարարը
Հայաստանում հեղուկ գազի գինը կնվազի. շուկա է մտնում իրանական վառելիքը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որն էլի գները կիջեցնի, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մայիսի սկզբին Հայաստան շատ քիչ քանակով հեղուկ գազ էր մտնում, որի հետևանքով հիմնականում հեղուկ գազ չկար։ Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է: Հայաստանում կա հեղուկ գազ բոլոր տեղերում»,- ասել է Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ վերջին օրերին հեղուկ գազի գինը 300 դրամից ավելին էր, սակայն այսօր արդեն, ըստ Պապոյանի, այն կարելի է գնել 240 դրամով, սակայն այդ գինը դեռ պետք է իջնի:
Նրա խոսքով՝ գների նվազման գործընթացը դանդաղ է ընթանում, սակայն շուկայի վրա կարող է ազդել իրանական հեղուկ գազի մուտքը։

«Երեկ ինձ Իրանում Էկոնոմիկայի նախարարության կցորդը զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որն էլի գները կիջեցնի»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով ՌԴ-ից ներմուծվող գազին` Պապոյանը նշել է, որ որ Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայումս իրականացվում են անխափան, սակայն Ռուսաստանում գների աճ է տեղի ունեցել, ինչն իր ազդեցությունն է ունեցել հայկական շուկայի վրա։

«Այս փուլում կարճաժամկետում վերադարձը հին գներին մի քիչ պակաս իրատեսական եմ համարում շատ պարզ պատճառով, քանի որ Ռուսաստանում գներն ավելացել են, և պետական տուրք է դրվել արտահանման վրա: Ինձ այդպես են զեկուցել: Այն որոշակիորեն գնի վրա ազդեցություն ունեցել է», - ասել է Պապոյանը: