Հայաստանն ու Թուրքիան այժմ կարող են ուղիղ առևտուր անել՝ առանց վերաձևակերպումների

13.05.2026, 12:14
Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է դարձել մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը
Հայաստանն ու Թուրքիան այժմ կարող են ուղիղ առևտուր անել՝ առանց վերաձևակերպումների

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«ՀՀ–Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»», - գրել է Ռուբինյանը Facebook-յան իր էջում։

ՀՀ ԱԳՆ արձագանքը

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:

«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից», - նշված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով:

Թուրքիայի ԱԳՆ արձագանքը

«2022 թվականից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացի և վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի շրջանակում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են», - նշված է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելիի հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են։

Հայ-թուրքական երկխոսության մասին

Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականից, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերի թվում մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

2021 թվականի դեկտեմբերին հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

2023 թվականի հունվարի 1-ից երկրների միջև հնարավոր դարձան ուղիղ օդային բեռնափոխադրումները։

2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեցին առանց նախապայմանների կարգավորումը շարունակելու պատրաստակամությունը։

2025 թվականի ապրիլի 12-ին երկու երկրների ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկեցին երկկողմ օրակարգը, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուբինյանն ու Քըլըչը Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվեցին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկաթուղու, Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի և ավիաչվերթների քանակի ավելացմանն ուղղված նախագծերը։