Տարածաշրջանում առաջին անգամ. Հայաստանը կհյուրընկալի «Concours Mondial de Bruxelles» գինու միջազգային համտես-մրցույթը

07.05.2026, 20:20
Շուրջ 1,75 մլն դոլար կհատկացվի ՀՀ-ում «Concours Mondial de Bruxelles 2026» գինու միջազգային հեղինակավոր համտես-մրցույթի միջոցառման համար
Տարածաշրջանում առաջին անգամ. Հայաստանը կհյուրընկալի «Concours Mondial de Bruxelles» գինու միջազգային համտես-մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարությունն ընդունել է ՀՀ-ում մայիսի 19-23-ը կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթն անցկացնելու միջոցառումների ծրագրի կատարումն ապահովելու մասին որոշումը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության 2026թ. բյուջեից վերաբաշխել 684 մլն դրամ (շուրջ 1,75 մլն դոլար) և հատկացնել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այն համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որն ունի 30 տարվա փորձ։ Այն տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ, իսկ նախկինում անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում և այլ երկրներում։

Նախարարը տեղեկացրել է, որ մրցույթը կազմակերպվելու է մայիսի 19-23-ը։ Եռօրյա Մրցույթը կազմակերպվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին կմասնակցեն 65 երկրից շուրջ 400 գինու փորձագետ, այդ թվում՝ 120 գինու գնորդ, 200 լրագրող, բլոգերներ, սոմելիեներ և բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, որոնք գնահատելու են ավելի քան 60 երկրի շուրջ 8000 տեսակի գինի։

Միջոցառման շրջանակներում կանցկացվեն գինու գնորդների, վաճառողների և հայկական գինի արտադրողների միջև բիզնես հանդիպումներ։ Կկազմակերպվեն այցեր գինեգործական շրջաններ, գինու գործարաններ և պատմամշակութային վայրեր։

Այցերը կուղեկցվեն մշակութային ծրագրերով՝ ներառելով ավանդական խոհանոց, ազգային երաժշտություն և ժողովրդական տոնախմբություններ։ Միջոցառման ընթացքում շուրջ 30 լրագրողի համար կկազմակերպվեն մեդիա տուրեր՝ միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում Հայաստանի մասին հոդվածների և ռեպորտաժների լայնածավալ լուսաբանման նպատակով։