ՌԴ–ում արգելել են Հայաստանից ներկրված 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը

28.04.2026, 11:44
Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներկրված 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը
ՌԴ–ում արգելել են Հայաստանից ներկրված 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մակնշման ռուսական պետական «Честный знак» համակարգը կասեցրել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։

Ինչպես РБК-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։

Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որտեղ գերատեսչությունը մատնանշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու կանխարգելման ուղղությամբ անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը։ Որպես արգելափակման պատճառ նշվել են «պարտադիր պահանջների խախտումները»։

Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով արտադրանքը։ Ինչպես նշել է Յուսուպովը, «մինչև ստուգման ավարտը այն սպառողների ձեռքում չի հայտնվի»։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունից նշել են, որ վերջերս են տեղեկատվություն ստացել «Ջերմուկի» խմբաքանակի վերաբերյալ և խոստացել են արձագանքել ավելի ուշ։