Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. Peugeot–ն գլորվել է ձորը, ընտանիքի 4 անդամներից 3-ը հոսպիտալացվել են, 1-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01։35-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ռասուլ Ի․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341 կմ-ում՝ «Մեղրու սար» տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդ Ռասուլ Ի․-ն և ուղևորներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 27-ամյա Մարիամ Հ․-ն, 5-ամյա Ռոաբինես Ի․-ն տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1-ամյա Իզադին Զ․-ն շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

