ՀՀ–ի ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության կամ պայմանավորվածության մասին հայտարարություն չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե․ վարչապետի մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է շրջանառվող կեղծ տեղեկությունները։
«Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը», – գրել է Բաղղասարյանը Facebook–յան իր էջում։
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
«Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով», – նշել է Բաղդասարյանը։

