Տարեսկզբից լրագրողների իրավունքների 30 խախտում է արձանագրվել. ԽԱՊԿ զեկույց
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցը լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների վիճակի վերաբերյալ:
Չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բոլոր կատեգորիաներով խախտումների քանակը նվազել է, սակայն, Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, պատկերը մտահոգիչ է։
«2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բոլոր կատեգորիաներով ընդհանուր խախտումների թիվը 30-ն է։ Դրանցից 1-ը ֆիզիկական բռնություն է, 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում, 22-ը՝ տարատեսակ ճնշումներ, սպառնալիքներ, Facebook-յան վիրավորանքներ, զրպարտություն և այլն», – ասաց Մելիքյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ արձանագրված վիրավորական արտահայտությունները և սպառնալիքները 8-ն են, որոնցից 7-ը եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից։
ԽԱՊԿ նախագահը տեղեկացրեց, որ լրագրողների և լրատվամիջոցների դեմ դատական հայցերի ինտենսիվ հոսքը նույնպես պահպանվել է։

