Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. Լուսինե Թովմասյանը՝ Հանրային Հեռուստաընկերությունից հեռանալու մասին

27.04.2026, 12:10
Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով, գրել է Թովմասյանը
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. Լուսինե Թովմասյանը՝  Հանրային Հեռուստաընկերությունից հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյան հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ։

«Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։ 

Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցը, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա», - գրել է հաղորդավարուհին Instagram-յան իր էջում։ 

Ըստ Լուսինեի՝ ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։ 

«Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ 

Հավելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Հովհաննես Մովսիսյանը անձամբ է ինձ հայտնել հենց այս պատճառաբանությունը։ 

Հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով», - հայտնել է Լուսինեն։ 

Նա նաև նշել է, որ ինքը միշտ զերծ է մնացել խաղատներ ու վնասակար սովորություններ գովազդելուց, մրցակցային դաշտում գտնվող այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցելուց, քաղաքական որևէ գործընթացի մասնակցելուց, և դա եղել է իր անձնական որոշումը։

«Փոխարենը՝ միշտ սիրով ընդունել եմ այն մասնագիտական առաջարկները, որոնք մշակութային են և ինձ համար հետաքրքիր։ Իմ այս իրավունքը սահմանափակելն անընդունելի եմ համարում», - ընդգծել է Լուսինեն։ 

Նա շնորհակալություն է հայտնել Առաջին Ալիքում աշխատող իր գործընկերներին՝ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցության համար և հույս հայտնել, որ մի օր կհանդիպեն արդար աշխատանքային մթնոլորտում։ 

«Առաջին Ալիքը շարունակելու է մնալ իմ տունը, և թեև այս պահին հեռանում եմ, բայց տունդարձի ճամփան չեմ մոռանալու։ Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ մյուսներին՝ ներում՝ հուսալով, որ լավ չեն հասկանում, թե ինչ են անում», - նշել է Լուսինեն։