Ինչու է կաղամբը համարվել «աղքատների դեղամիջոց». կաղամբի հրաշագործ հատկանիշները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Սպիտակ կաղամբը մեր սեղանների այնքան սովորական «հյուրն» է, որ դրա եզակի հատկությունները հաճախ թերագնահատվում են: Մինչդեռ այս բանջարեղենը, որին հին ժամանակներում անվանում էին «աղքատների դեղամիջոց», իրականում դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին:
Օգտագործման տարբերակներ
Կաղամբն օգտագործում են հում վիճակում՝ աղցաններում, թթու են դնում, շոգեխաշում, խաշում և թխուկներ պատրաստում: Դասական ռուսական շչին, տոլման, բիգուսը, կաղամբով կարկանդակները մեզ հասած խոհարարական ժառանգության միայն մի փոքր մասն են: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում թթու կաղամբը, որը տարիներ շարունակ նավաստիներին փրկել է լնդախտից (ցինգա):
Մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում կաղամբը տալ միայն ջերմային մշակումից հետո (խաշած, շոգեխաշած, գոլորշու վրա պատրաստված)՝ ավելորդ գազերի առաջացումից խուսափելու համար: Այս մոտեցումը հարմար է նաև այն մարդկանց, ովքեր քիչ բջջանյութ են օգտագործում. պետք է սկսել քիչ քանակությունից:
Օգտակար հատկանիշները

Կաղամբի «թերապևտիկ ուժը» հայտնի է եղել վիտամինների հայտնագործումից դեռ շատ առաջ: Հին եգիպտացիները, հույներն ու հռոմեացիները դրա հյութն օգտագործում էին որպես լուծողական, հակաթույն և խումհարի դեմ միջոց:
Այսօր ապացուցված են բազմաթիվ օգտակար հատկություններ։
Աղեստամոքսային տրակտ. Վիտամին U-ն (S-մեթիլմեթիոնին) արագացնում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի ապաքինումը, նվազեցնում է բորբոքումը գաստրիտների ու կոլիտների ժամանակ և խթանում է պաշտպանիչ լորձի արտադրությունը: Կաղամբի թարմ հյութը լրացուցիչ օժտված է բակտերիասպան և հակասնկային ազդեցությամբ:
Սիրտ-անոթային համակարգ. Կալիումը դուրս է բերում ավելորդ հեղուկը և կարգավորում ճնշումը, իսկ պեկտիններն ու բջջանյութը դուրս են բերում խոլեստերինը՝ նվազեցնելով աթերոսկլերոզի ռիսկը:
Նյութափոխանակություն և քաշ. Թարթրոնաթթուն խոչընդոտում է ճարպերի կուտակմանը, իսկ ցածր կալորիականությունն ու բջջանյութի առատությունը կաղամբը դարձնում են իդեալական մթերք՝ քաշի նվազեցման կամ պահպանման համար:
Արյունաստեղծում և մակարդելիություն. Վիտամին К₁-ը առանցքային դեր է խաղում արյան մակարդման գործընթացում, իսկ ֆոլաթթուն, որը պարունակվում է կաղամբի արտաքին կանաչ տերևներում, անհրաժեշտ է նորմալ արյունաստեղծման համար:
Հակացուցումներ

Չնայած օգտակարությանը, սպիտակ կաղամբն ունի մի շարք հակացուցումներ.
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրացման փուլ. բարձր թթվայնությամբ գաստրիտ, խոցային հիվանդություն, էնտերիտ, կոլիտ, պանկրեատիտ: Կոշտ սննդային մանրաթելերը կարող են գրգռել լորձաթաղանթը:
Վիտամին U-ի անհատական անտանելիություն (հազվադեպ):
Մանկական տարիք. Կաղամբը սննդակարգ կարելի է ներմուծել 3 տարեկանից ոչ շուտ և միայն ջերմային մշակման ենթարկված վիճակում: Հում կաղամբը կարող է առաջացնել կոլիկներ և փորափքանք:
Ստամոքսի բարձր թթվայնություն. Կաղամբի հյութն ունի չեզոք pH, սակայն չափազանց շատ արտազատման դեպքում կարող է անհանգստություն պատճառել:
Բջջանյութի սակավ սպառում. Այն մարդկանց, ովքեր նախկինում մեծ քանակությամբ բջջանյութ չեն օգտագործել, խորհուրդ է տրվում կաղամբը սննդակարգում ներառել աստիճանաբար՝ փորափքանքից և սրտխառնոցից խուսափելու համար:

