Մեկնարկել է Երևան–Գյումրի ավտոերթը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մեկնարկել է Երևան–Գյումրի ավտոերթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը` ապրիլի 19–ին, մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
«Պլանը հետեւյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։ Ժամը 17․00–ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։ Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով։ Միասին լավ օր անցկացնենք Գյումրիում», - նշել է Փաշինյանը։
Ոստիկանության հաղորդմամբ, ավտոերթով պայմանավորված, ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։
Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։
«Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։
Ժամը 17․00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։

