Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, վախենում եմ «բոմժ» դառնա․ Փաշինյան

18.04.2026, 14:49
Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, ասել եմ՝ վախենում եմ «բոմժ» դառնա: Իմացեք, որ ահավոր վախենում եմ նրա «բոմժ դառնալուց», ընդ որում մինչև տարեվերջ, հայտարարել է Փաշինյանը
Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, վախենում եմ «բոմժ» դառնա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե, արդյոք, վախենում է նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր գրուպ»–ի նախագահ Սամվել Կարապետյանից և ինչու է անընդհատ քննադատում հենց նրան, Ռոբերտ Քոչարյանին («Հայաստան» դաշինք) և Գագիկ Ծառուկյանին (ԲՀԿ)։

«Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, ասել եմ՝ վախենում եմ «բոմժ» դառնա: Իմացեք, որ ահավոր վախենում եմ նրա «բոմժ դառնալուց», ընդ որում մինչև տարեվերջ», – ասել է Փաշինյանը։

Բոմժերի և միլիարդատերերի մասին

Ավելի վաղ Փաշինյանը մեկնաբանել էր իր կոշտ արտահայտությունը «Տաշիր գրուպ»–ի նախագահ Սամվել Կարապետյանի հասցեին՝ «վախենում եմ, որ մինչև տարեվերջ միլիարդատիրոջից կվերածվես բոմժի»՝ ենթադրելով, որ վերջինս կարող է կորցնել իր կարողությունը։ Վարչապետի խոսքով՝ դա սպառնալիք չի եղել, այլ արտահայտել է մտահոգություն իրադարձությունների հնարավոր զարգացման վերաբերյալ։

Ինչպես հայտարարել է Փաշինյանը, Կարապետյանը կարող էր պարտավորություններ ստանձնած լինել որոշակի ուժերի, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող կառույցների առջև, որոնք ունակ են ազդել նրա ակտիվների վրա։ Վարչապետը հնարավոր է համարել, որ այդ պարտավորությունները չկատարելու դեպքում գործարարը կարող է զրկվել ունեցվածքից։