Փաշինյանը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման ընթացքին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս պահին վերանորոգման փուլում է և ծանոթացել է աշխատանքների ընթացքին։
«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում այս փուլի աշխատանքներն ավարտված են», – նշել է Փաշինյանը։
Նա արձանագրեց, որ Ծիծեռնակաբերդը բաց է այցելությունների համար։ Հաշվի է առնվում, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այցելուների մեծ հոսք կլինի։ Ակնկալվում է նաև, որ հուշահամալիր կայցելեն օտարերկրյա հյուրեր, ովքեր ժամանելու են Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում մայիսի 5-ին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ վերանորոգումն իրականացվում է փուլ առ փուլ և ամբողջությամբ կավարտվի մինչև 2028 թվականը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման ծրագրի մասին
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում լայնածավալ պլանային վերանորոգումը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի ղեկավարությամբ, ով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և նույնանուն թանգարան-ինստիտուտի (կառուցված շուրջ 60 տարի առաջ) նախագծի համահեղինակն է։
Նախարար Անդրեասյանը թանգարանի շենքի և հուշահամալիրի վիճակը որակել էր «շատ վատ»։ Նա հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարան-ինստիտուտը ամբողջությամբ կվերականգնվեն իրենց սկզբնական տեսքով. պետությունն այդ նպատակով տրամադրել է շուրջ 800 մլն դրամ։
Սակայն մի քանի ամիս առաջ պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարեց, որ հիմնանորոգման քողի տակ ոչնչացվել են 1966–1967 թվականներին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշողության տաճարի սյուների վրա տեղադրված բնօրինակ սալիկները, որն ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Սալիկները վերածվել են խճի՝ հուշարձանին հասցնելով անդառնալի վնաս։ Այս բարբարոսական գործողությունները կատարվել են առանց համապատասխան պայմանագրի ստորագրման, այսինքն՝ օրենքի կոպիտ խախտմամբ։
Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի քանդումը սկսվել է պատվիրատու կողմերի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի բանավոր հրահանգով։

