Ապրիլի 19-ին ճանապարհներ կփակվեն․ մեծ ավտոերթ դեպի Գյումրի (ՎԻԴԵՈ)

18.04.2026, 09:28
Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն
Ապրիլի 19-ին ճանապարհներ կփակվեն․ մեծ ավտոերթ դեպի Գյումրի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված․ ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։

Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։ 

«Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։ 

Ժամը 17․00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։ 

«Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել Ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ոստիկանությունից քաղաքացիներին խնդրում են ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղոորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը` ապրիլի 19–ին, մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։ 

«Պլանը հետեւյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։ Ժամը 17․00–ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։ Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով։ Միասին լավ օր անցկացնենք Գյումրիում», - նշել է Փաշինյանը։