Հուշարձանների միջազգային օր. Արցախի անհետացող պատմությունը, և ինչու է անհրաժեշտ կանգնեցնել դա (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է ապրիլի 18-ին, կոչված է հիշեցնելու՝ մշակութային ժառանգությունը ոչ միայն քարեր, պատեր և գտածոներ են, այլև ժողովուրդների հիշողությունը, նրանց ինքնությունը և պատմություն ունենալու իրավունքը:
Հայաստանի համար այս ամսաթիվը վերջին տարիներին առանձնակի ցավոտ երանգ է ստացել Արցախի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացման և խեղաթյուրման մասին տեղեկությունների ֆոնին, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին ամբողջական օկուպացիայից հետո՝ հայ բնակչության հետագա արտագաղթով։
Վտանգված են հարյուրավոր օբյեկտներ. միջազգային կառույցների հայտարարությունները
2020-ից 2026 թվականներին տարածաշրջանում հայկական ժառանգության պահպանման թեման բազմիցս դարձել է միջազգային կառույցների հայտարարությունների, փորձագիտական զեկույցների և իրավական որոշումների առարկան:
Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևում նշվում է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության ջնջման և ժխտման շարունակական քաղաքականության մասին: Բանաձևը, ի թիվս այլի, դատապարտել է հուշարձանների պատմական պատկանելությունը փոխելու փորձերը և կոչ է արել թույլ տալ միջազգային փորձագետների մուտքը տեղանքներ:
Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը, հիմնվելով արբանյակային տվյալների վրա, բազմիցս հայտնել է 2020 թվականից հետո հայկական օբյեկտների վնասման և անհետացման մասին:
ACLED անկախ գլոբալ մոնիտորինգի տվյալներով (2024թ․)՝ 2021 թվականից ի վեր արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական պատմական, կրոնական, քաղաքական և բնակելի օբյեկտների ոչնչացման շուրջ 80 դեպք:
Սովորական վանդալիզմ՝ Արցախի օրինակով
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Արցախի մի քանի կարևորագույն մշակութային արժեքներ և պատմական հուշարձաններ, որոնք դարձել են վանդալիզմի օբյեկտ և տուժել են ռազմական գործողությունների ու Ադրբեջանի քաղաքականության հետևանքով:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

Ղազանչեցոց տաճարը Շուշիի և ողջ Արցախի հոգևոր ու ճարտարապետական գլխավոր խորհրդանիշերից մեկն է։ Կառուցված լինելով XIX դարում՝ այն համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության ակնառու նմուշ և երկար տարիներ եղել է քաղաքի կրոնական կյանքի կենտրոնը։

2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո տաճարը ենթարկվել է լուրջ փոփոխությունների։ Պատերազմի ժամանակ թիրախավորման հետևանքով վնասվել է եկեղեցու գմբեթը, իսկ քաղաքի անկումից հետո արտաքին պատերին հայտնվել են օտարալեզու գրություններ, ինչին հաջորդել է 2021-ի գարնանը մեկնարկած շինարարությունը, որի ընթացքում ամբողջությամբ հեռացվել են կոնաձև գմբեթն ու հրեշտակների արձանները։
Այս գործողությունները շատ փորձագետներ որակել են որպես Ադրբեջանի փորձ՝ ջնջելու հուշարձանի հայկական ինքնությունը:

Շուշիի Կանաչ ժամ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցի
Կանաչ ժամը Շուշիի ամենահին հայկական տաճարներից մեկն էր և քաղաքի պատմական տեսքի կարևոր մասը։ Եկեղեցին առանձնահատուկ նշանակություն ուներ տեղի համայնքի համար և հանդիսանում էր XVIII–XIX դարերի հայկական կրոնական ժառանգության հուշարձան։

2021 թվականին արբանյակային լուսանկարները ցույց տվեցին, որ եկեղեցու զանգակատունն և գմբեթն ամբողջությամբ ապամոնտաժվել են, իսկ արդեն 2024 թվականի սկզբին արված լուսանկարներն արձանագրեցին, որ եկեղեցու հիմնական կառույցը գրեթե ամբողջությամբ հավասարեցվել է հողին։
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին տարածաշրջանում հայկական կյանքի վերադարձի խորհրդանիշն էր ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։ Այն ծառայում էր որպես հոգևոր կենտրոն քաղաքի բնակիչների համար և հիշեցում այս հողի վրա հայկական ներկայության հարատևության մասին։

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տաճարը ենթարկվել է հետևողական ոչնչացման։ Դեռևս 2022 թվականին շրջանառվում էին եկեղեցին մզկիթի վերածելու նախագծեր, սակայն 2024 թվականի մայիսի 11-ին հրապարակված արբանյակային լուսանկարները փաստեցին, որ կառույցն ամբողջությամբ հողին է հավասարեցվել։ Եկեղեցու հետ միասին հիմնահատակ քանդվել է նաև հարակից բլրի վրա գտնվող Փառքի հուշահամալիրը։
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի
Սուրբ Հակոբ եկեղեցին, որը կառուցվել է 2007 թվականին հայ բարերարի միջոցներով, Արցախի մայրաքաղաքի նոր հոգևոր կենտրոններից մեկն էր։ Այն խորհրդանշում էր եկեղեցական կյանքի և ազգային ինքնության վերածնունդը Ստեփանակերտում։
Քաղաքի օկուպացիայից հետո տաճարն ամբողջությամբ քանդվել է, իսկ դրա տարածքը՝ մաքրվել։

Ստեփանակերտի «Թատերական» աղբյուր-հուշարձան
Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պուրակում գտնվող աղբյուր-հուշարձանը, որը հայտնի էր նաև «Թատրոնի դիմակներ» անվամբ, Ստեփանակերտի ամենահայտնի տեսարժան վայրերից էր։ Այն Ստեփանակերտի մշակութային կյանքի մի մասն էր և քաղաքի ստեղծագործական կյանքի խորհրդանիշը։
2024 թվականին հուշարձանն ամբողջությամբ ավերվել է քաղաքի կենտրոնական հատվածի վերափոխման ընթացքում։

Մարտունու հուշահամալիր

Մարտունու հուշահամալիրը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։ 2007 թվականի մայիսի 7-ին բացված կառույցը, որը խորհրդանշում էր տարբեր սերունդների հերոսների հիշատակը, այժմ ամբողջությամբ քանդվել է։
Պատերազմ հուշարձանների դեմ
Այս տարի Հուշարձանների միջազգային օրն անցնում է Մերձավոր Արևելքում մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման մասին տագնապալի լուրերի ֆոնին։ Դրանց թվում են Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի՝ Golestan Palace–ի վնասումը, տասնյակ պատմական օբյեկտների ոչնչացումը, այդ թվում՝ Սպահան քաղաքի և այլ քաղաքների հուշարձանները, որտեղ կենտրոնացված է պարսկական քաղաքակրթության եզակի ժառանգությունը։
Աշխարհը հիշում է Իրաքում մշակութային հուշարձանների ոչնչացումը՝ Մոսուլի թանգարանի թալանը և Սամարայի սրբավայրերի վնասումը, Լիբանանում պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը։
Սակայն մշակութային հուշարձանները երկրի երեսից ջնջելը պարզապես ինչ-որ շենքեր քանդել չէ։ Դա հարված է պատմական հիշողությանը, ինքնությանը և սեփական ժառանգության նկատմամբ ժողովրդի իրավունքին։
Հիշողություն, որը հնարավոր չէ ջնջել
Հուշարձանների միջազգային օրը Արցախի ժառանգության պահպանման թեման մնում է ոչ թե անցյալի հարց, այլ ներկայի մարտահրավեր։
Հայաստանի համար սա ոչ միայն մշակույթի, այլև պատմական արդարության հարց է. ժողովրդի հիշողությունը չպետք է զոհ դառնա պատերազմին և քաղաքական կոնյունկտուրային։

