Փաշինյանը ԵՄ վիզաների բազմամսյա հերթերը բացատրել է Հայաստանից դեպի ԵՄ հոսքի 580% աճով

18.04.2026, 13:01
Փաշինյանը նշել է ԵՄ վիզաների համար բազմամսյա հերթերի պատճառը և հույս հայտնել, որ վիզային ռեժիմի ազատականացմանը հնարավոր կլինի հասնել հնարավորինս սեղմ ժամկետներում
Փաշինյանը ԵՄ վիզաների բազմամսյա հերթերը բացատրել է Հայաստանից դեպի ԵՄ հոսքի 580% աճով

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ԵՄ վիզաների համար բազմամսյա հերթերի պատճառը և հույս հայտնել, որ վիզային ռեժիմի ազատականացմանը հնարավոր կլինի հասնել հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Ո՞րն է պատճառը։ 2017 թվականի համեմատ դեպի ԵՄ երկրներ 2025 թվականին 580% ով ուղևորահոսքի աճ արձանագրվել։ Այսինքն եթե 2017 թվականին մեկնել էր 1000 մարդ, 2025 թվականին մեկնել է 5800 մարդ և խոսքը այս դեպքում այն քաղաքացիների մասին է, որոնք ստացել են վիզա, հակառակ դեպքում չէին կարողանա գնալ։ Մենք արդեն մի քանի տարի է այս թեմայով զբաղվում ենք, մեր գործընկերներն ասում են՝ մենք բյուջետային պլանավորում ունեինք ոչ մեկ չէր կարող կանխատեսել որ Հայաստանում այսպիսի հոսքի մեծացում է տեղի ունենալու», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, հենց սա է պատճառը, որ Հայաստանը հիմա վիզաների ազատականացում է բանակցում։ 

«Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ, և ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունք կարձանագրենք», – ասել է Փաշինյանը։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման մասին

Հայաստան-ԵՄ երկխոսությունը վիզաների ազատականացման շուրջ պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի գարնանը Հայաստան ժամանեցին ԵՄ փորձագետների առաքելությունները, իսկ 2025 թվականի նոյեմբերի 5-ին Եվրահանձնաժողովը Երևանին փոխանցեց Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս ծրագրի կատարմանն ուղղված միջոցառումները տեղավորվում են Հայաստանում նախատեսված բարեփոխումների շրջանակում։

Գործողությունների ծրագիրը ներառում է իրականացման համար պարտադիր 74 կետ։ Դրանք խմբավորված են չորս բլոկներում՝ կենսաչափական փաստաթղթեր (անձնագրեր և ID քարտեր), սահմանների կառավարում (ներառյալ միգրացիան և ապաստանի տրամադրումը), հասարակական կարգ (ներառյալ պայքարը թմրամիջոցների, մարդկանց առևտրի դեմ, հանցավորության կանխարգելումը և հակակոռուպցիոն միջոցառումները), ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն։