Պայթյուն` հրդեհի բռնկմամբ Նուբարաշենի աղբավայրում. կան տուժածներ

18.04.2026, 19:28
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող զուգարանի լույսն են  վառել, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել
Պայթյուն` հրդեհի բռնկմամբ Նուբարաշենի աղբավայրում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է կայքը, ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը և պարեկները։

Ժամանել են նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող զուգարանի լույսն են վառել, որի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, հավանաբար, կուտակված գազերի պատճառով։

Կայքի տեղեկություններով, վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Ս. Խ.-ն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Է. Մ.-ը։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը ինչպես նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։