Շրջել են մեքենայով և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցով փաթեթներ․ ոստիկանություն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերում են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում, և նկատում, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան», - նշված է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել են են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։
Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվում է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։
Դատարանի որոշմամբ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։
26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


