Մրգաշենում ապրիլի 13-ին սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Մրգաշենում ապրիլի 13-ին սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են:
Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից։
Նշենք, որ սույն թվականի ապրիլի 13-ին շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։
Ապրիլի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։
Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

