Ինչպես են ձերբակալվում Մրգաշենում սպանության համար մեղադրվող 20-ամյա երիտասարդը և նրա 17-ամյա եղբայրը (ՎԻԴԵՈ)

16.04.2026, 13:34
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ձերբակալվում սպանության համար մեղադրվող եղբայրները․ ՎԻԴԵՈ
Ինչպես են ձերբակալվում Մրգաշենում սպանության համար մեղադրվող 20-ամյա երիտասարդը և նրա 17-ամյա եղբայրը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ձերբակալվում Մրգաշենում սպանության համար մեղադրվող 20-ամյա երիտասարդը և նրա 17-ամյա եղբայրը։

«Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են սպանության համար մեղադրվող Մրգաշեն գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդին և նրա 17-ամյա եղբորը։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: 

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։