Թուրքայի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 9 մարդ, որոնցից 8-ը երեխաներ են
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 15-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքի Այսեր Չալիքի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ինը մարդ՝ 8 երեխա և 1 ուսուցիչ։
Այս մասին հայտնել է BBC-ին՝ հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարար Մուստաֆա Չիֆթչին։
Աղբյուրի տվյալներով՝ վիրավորվել է 13 մարդ, որոնցից 6-ի վիճակը ծանր է։ Ավելի վաղ նահանգապետ Մյուքերեմ Ունլուերը հայտնել էր 20 վիրավորի մասին։ Տեղեկությունները հստակեցվում են։
Հաղորդվում է, որ հրաձիգը՝ նույն դպրոցի 8-րդ դասարանի 13-ամյա աշակերտը, նույնպես մահացել է, սակայն դեռ պարզ չէ, թե հատկապես ինչպես։ Որոշ տվյալներով՝ նա սպանվել է անվտանգության ուժերի կողմից, իսկ այլ աղբյուրներ հայտնում են, որ նա ինքնասպան է եղել։
Նրա՝ այդ քայլին դիմելու դրդապատճառները դեռևս անհայտ են, սկսվել է հետաքննություն։
Իշխանությունների տվյալներով՝ հրաձիգն իր մոտ ունեցել է 5 միավոր զենք, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են նրա հորը՝ ոստիկանության նախկին աշխատակցին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հայրը ձերբակալվել է միջադեպից կարճ ժամանակ անց։
«Աշակերտը դպրոց է եկել պայուսակի մեջ պահված զենքերով, որոնք, մեր կարծիքով, պատկանել են նրա հորը։ Նա մտել է երկու դասարան և անկանոն կրակ բացել, ինչը հանգեցրել է վիրավորումների և մարդկային կորուստների»,- ավելի վաղ հայտարարել էր Քահրամանմարաշի նահանգապետ Մյուքերեմ Ունլուերը։
Նշենք, որ ապրիլի 14-ին Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանում դպրոցի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ զոհվել էր, իսկ 16-ը՝ վիրավորվել։
Հաջորդ օրը նմանատիպ հարձակում էր տեղի ունեցել Քահրամանմարաշի դպրոցներից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել 13-ը։

