Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 16-ին. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է հինգշաբթի՝ ապրիլի 16-ին և կանցկացվի Իսլամաբադում։
Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով Atlantic պարբերականի լրագրող Արաշ Ազիզին, որն էլ իր հերթին հղում է անում Թեհրանում իր իրազեկ աղբյուրին։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հինգշաբթի օրը Իսլամաբադում»,- գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի նավահանգիստներից դուրս եկող և մուտք գործող բոլոր նավերի լիակատար շրջափակման մեկնարկը. շրջափակումն ուժի մեջ է մտել Վաշինգտոնի ժամանակով ժամը 10:00-ին:
Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին
Իսրայելը 2026 թ.-ի փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին։
Այնուհետև սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր, որ զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։
Նշենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին պայմանավորվել են երկշաբաթյա զինադադար կնքել։
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 10-ին՝ Իսլամաբադում։
Բանակցությունների առաջին փուլից հետո Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն «մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել», սակայն «երկու-երեք կարևոր հարցերի շուրջ կան տարաձայնություններ»։
Fars-ի տվյալներով՝ Իրանը չի համաձայնել Հորմուզի նեղուցի և միջուկային էներգետիկայի վերաբերյալ ԱՄՆ պայմաններին։ Axios-ը գրում է, որ մի շարք տարաձայնություններ պայմանավորված են նրանով, որ Թեհրանը պնդում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը և չի ցանկանում հրաժարվել հարստացված ուրանի իր պաշարներից։

