Ինչպես խնամել մաշկը գարնանը․ բժիշկ–կոսմետոլոգն՝ ամենատարածված սխալների մասին
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Գարունը միայն զգեստապահարանի թարմացման և արևային տրամադրության մասին չէ։ Մաշկի համար սա, թերևս, տուրբուլենտության շրջան է. այն բառացիորեն սովորում է նորից ապրել։ Ջերմաստիճանի տատանումները, ակտիվ արևը և օդում առկա ալերգենների «պայթյունը» մաշկը դարձնում են զգայուն և «կամակոր»։
«Նովոստի Արմենիա»-ն զրուցել է բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչպես ճիշտ կազմակերպել մաշկի խնամքը սեզոնային անցման շրջանում, և որո՞նք են գարնանային խնամքի ամենատարածված սխալները։
Սեզոնի գլխավոր կանոնը՝ հավասարակշռություն և պաշտպանություն արևից

Գարնանը մաշկը, կարծես, վերադասավորվում է․ ավելանում է sebum-ի արտադրությունը (դառնում է ավելի յուղոտ), ակտիվանում է արյան շրջանառությունը, մաշկը դառնում է ավելի զգայուն։ Արևի ակտիվացումից կա պիգմենտացիայի առաջացման ռիսկ։
Մասնագետի խոսքով, սեզոնի գլխավոր կանոնը պարզ է, բայց անտեսվում է շատերի կողմից, դա SPF–ի օգտագործումն է, արևն արդեն ակտիվ է և առանց SPF-ի առաջանում են պիգմենտներ։ Գարնանը SPF–ի օգտագործումը 100% պարտադիր է, եթե նույնիսկ ամպամած է, պետք է ամեն օր օգտագործել SPF 30-50։
Գարնանը մաշկի գրգռվածության պատճառնեռրից են եղանակի կտրուկ փոփոխությունները, ալերգենները (փոշի, ծաղկափոշի) և սխալ խնամքի միջոցները։
Խնամք՝ պաշտպանություն և թեթևություն

Գալստյանի խոսքով, գարնանային խնամքի ամենակարևոր քայլը SPF պաշտպանությունն է։
Բացի այդ, մաշկի խնամքի դեպքում շատ կարևոր են ջուրը և վիտամինները, ջուրը պահպանում է մաշկի խոնավությունը, A, C, E վիտամիններն ապահովում են հակաօքսիդանտ պաշտպանություն։
Յուղոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել թեթև գելային խոնավեցնողներ և նիացինամիդ։ Չորության դեպքում անհրաժեշտ է ավելացնել խոնավեցնող քսուքները։
Սխալներ․ ինչի՞ց պետք է խուսափել

Մասնագետի խոսքով, գարնանային խնամքում ամենատարածված սխալներից է շատ ծանր, յուղոտ քսուքների օգտագործումը, SPF չօգտագործելը, շատ ուժեղ պիլինգը։
Լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում արտաքին գործոնները՝ ծաղկափոշին, փոշին, ջերմաստիճանի տատանումները: Անհամապատասխան միջոցների հետ համակցվելով՝ սա հաճախ հանգեցնում է կարմրածության և ռեակցիաների: Այդ իսկ պատճառով գարնանն ավելի լավ է կիրառել մինիմալ խնամքի միջոցներ՝ ուշադրություն դարձնելով արևապաշտպան քսուքներին։
Սննդակարգ․ ավելի շատ միրգ և բանջարեղեն
Գալստյանի խոսքով, թարմ մրգերը, բանջարեղենը օգնում են մաշկի վերականգնմանը, փայլուն տեսքին։
Ինչ վերաբերում է կոլագենին, ապա, Գալստյանը նշում է, որ կարևոր է հասկանալ, որ սննդից ստացված կոլագենն ուղիղ չի դառնում մաշկի կոլագեն։ Այն քայքայվում է ամինաթթուների և հետո օրգանիզմը սինթեզում է նոր կոլագեն։
Կոլագեն պարունակող սնունդներ են ոսկրային արգանակը, ձուկը, ժելատին պարունակող սնունդը։
Անդրադառնալով գարնանն անհրաժեշտ կոսմետոլոգիական պրոցեդուրաներին, բժիշկ–կոսմետոլոգը նշում է, որ արդյունավետ են խոնավեցնող պրոցեդուրաները՝ բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա, թեթև պիլինգներ։ Կարևոր է խուսափել խորը քիմիական պիլինգներից, ագրեսիվ լազերներից։

Գարունը խնամքի մեջ արմատական փոփոխությունների մասին չէ, այլ նուրբ կարգավորումների։ Պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին, օգտագործվող քսուքների տեքստուրայի թեթևությանն ու չանտեսել SPF-ի օգտագործումը. սրանք այն երեք պարզ սկզբունքներն են, որոնք կօգնեն կազմակերպել մաշկի ճիշտ խնամքը գարնանը։

