Թրամփը հայտարարել է, որ ծովային շրջափակման պատճառով Իրանը օրական կորցնում է 500 մլն դոլար

21.04.2026, 10:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակման պատճառով Թեհրանը օրական կորցնում է 500 միլիոն դոլար
Թրամփը հայտարարել է, որ ծովային շրջափակման պատճառով Իրանը օրական կորցնում է 500 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակման պատճառով Թեհրանը օրական կորցնում է 500 միլիոն դոլար։

«Շրջափակումը, որը մենք չենք դադարեցնի, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել, ամբողջությամբ կործանում է Իրանը։ Նա կորցնում է օրական 500 միլիոն դոլար՝ անտրամաբանական քանակություն նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Բացի այդ, Թրամփը քննադատել է մի շարք ամերիկյան լրատվամիջոցների, այդ թվում՝ The New York Times-ը, The Wall Street Journal-ը և The Washington Post-ը՝ հրապարակվող ոչ արժանահավատ տեղեկատվության համար։

«Հակաամերիկյան լրատվամիջոցները, որոնք կեղծ լուրեր են տարածում, Իրանին հաղթանակ են մաղթում, բայց դա տեղի չի ունենա, որովհետև ես եմ իշխանության ղեկին»,- եզրափակել է Թրամփը։

Թրամփն ընդգծել է, որ ի հեճուկս լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության, ԱՄՆ-ը մեծ հաջողություններ է գրանցում ռազմական ասպարեզում։

«Ես հաղթում եմ պատերազմը մեծ առավելությամբ, գործերը շատ լավ են ընթանում, մեր բանակը հիասքանչ արդյունքներ է ցուցադրում»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրադարձությունների մասին

Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված հակամարտությունից հետո սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր, որ զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։ 

Ապրիլի 17-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց։

Այնուհետև Իրանի իշխանությունները վերականգնել են Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի խիստ վերահսկողությունը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը կփակվի, եթե ԱՄՆ-ը շարունակի շրջափակել իրանական նավահանգիստները։