Ադրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

21.04.2026, 15:30
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Ադրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, հայտնում է Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը։

Գործակալությունից նշում են, որ սա պարզապես եկեղեցու քանդում չէ, այլև նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը։ 

«Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը», - նշված է հայտարրաության մեջ։ 

Նշվում է, որ այս պայմաններում անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գրեթե լիակատար լռությունը։ 

«Երբ քանդվում են մեր սրբավայրերը, լռությունը այլևս չեզոքություն չէ — դա դառնում է համակերպում կատարվող հանցագործությանը։

Նույնքան ամոթալի և վտանգավոր է միջազգային հանրության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային և մասնագիտացված կառույցների լռությունը», հայտում են գործակալությունից։ 

Նշվում է, որ լռությունը ոչ միայն չի կանգնեցնում հանցագործին, այլև խրախուսում է նոր հանցագործություններ՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ։ 

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են անհապաղ և հստակ քաղաքական գնահատական տալ այս բարբարոսությանը, հրապարակայնորեն դատապարտել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և ձեռնարկել գործուն դիվանագիտական քայլեր՝ միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը», - ասված է հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ սա հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է մեր աչքի առաջ՝ ուղղված ոչ միայն քարերի, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության և իր հայրենիքում ապրելու և վերադառնալու իրավունքի դեմ։