Ողջ տարին գրքի հետ․ ինչ է փոխելու Ընթերցանության տարին դպրոցներում
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 2026-2027 ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է «Ընթերցանության տարի»։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում են ընթերցանությունը խթանող ծրագրեր, թեմատիկ ամիսներ, գրական տարբեր ժանրերի ներկայացում, ընթերցանության ակումբների ստեղծում և դպրոցական գրադարանների զարգացմանն ուղղված քայլեր։ ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ նպատակը ոչ միայն երեխաների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության մեծացումն է, այլև ինքնուրույն, քննադատական և ստեղծարար ընթերցողի ձևավորումը։
«Ընթերցանության տարին» նախարարությունը դիտարկում է ոչ թե որպես մեկ տարվա միջոցառումների շարք, այլ որպես ընթերցանության նկատմամբ համակարգային և երկարաժամկետ քաղաքականության կարևոր բաղադրիչ։
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության և ցանկացած այլ առարկա սովորելու արդյունավետության տեսանկյունից։ Ընթերցանության խթանումը նաև ներառված է Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում՝ որպես առաջնահերթ ուղղություն։
Գրական տարբեր ժանրեր՝ մեկ տարվա ընթացքում
«Ընթերցանության տարվա» շրջանակում ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են գրականության տարբեր ժանրերին նվիրված թեմատիկ ամիսներ՝ էպոս, թարգմանական գրականություն, վեպ, դետեկտիվ, դրամատուրգիա, հեքիաթ, պոեզիա և այլ ուղղություններ։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ թեմատիկ ամիսների նպատակն է սովորողներին ներկայացնել գրականության տարբեր ժանրերն ու ձևերը և ստեղծել ընթերցանության բազմազան միջավայր։
«Թեմատիկ ուղղությունները չեն նախատեսում սահմանափակել դպրոցների և սովորողների ընտրությունը մեկ պարտադիր գրացանկով։ Դրանք հնարավորություն են տալիս դպրոցներին ձևավորել ընթերցանության սեփական ծրագրերը՝ հաշվի առնելով սովորողների տարիքը, հետաքրքրությունները և ընթերցանության կարողությունները»,- նշել են նախարարությունից։
«Սասնա ծռեր»՝ տարվա առաջին թեմատիկ ուղղությունը

Սեպտեմբերը նվիրված է «Սասնա ծռեր» էպոսին։
ԿԳՄՍ նախարարությունից նշել են, որ ակնկալվում է՝ էպոսի ուսումնասիրությունը դպրոցներում կդառնա ոչ միայն ազգային մշակութային ժառանգության ճանաչման, այլև խորքային ընթերցանության և քննադատական մտածողության զարգացման միջավայր։
Նոր ձևաչափեր՝ ընթերցանությունը խթանելու համար
«Ընթերցանության տարի» նախաձեռնության շրջանակում նախատեսվում են ուսուցչական և աշակերտական համաժողովներ, ընթերցանության ակումբների ստեղծում, ինչպես նաև ամբողջ տարվա ընթացքում ընթերցանությունն արժևորող և խթանող միջոցառումներ՝ «Ողջ տարին գրքի հետ» խորագրով։
Նախարարությունից նշել են, որ այդ միջոցառումները միտված են ապահովելու սովորողների ընթերցողական զարգացման շարունակականությունը՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։
Գրադարանների համալրում և ընտանիքների ներգրավում

ԿԳՄՍ նախարարությունից ընդգծել են, որ ընթերցանության մշակույթի զարգացումը հնարավոր չէ առանց համապատասխան գրքային և գրադարանային միջավայրի։
«Ընթերցանության տարի» նախաձեռնությանը միանալու են նաև գրադարաններն ու թանգարանները։ Գրականության և արվեստի թանգարանը կիրականացնի «Ի՞նչ էին կարդում մեր գրողները» կրթամշակութային ծրագիրը, որը ներառում է այցելություններ գրողների տուն-թանգարաններ և ընթերցանությանն առնչվող միջոցառումներ։
Նախատեսվում է նաև շարունակաբար համալրել դպրոցական գրադարանները։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ դպրոցների ֆինանսավորման կարգում նախատեսվող փոփոխությամբ դպրոցները հնարավորություն կունենան ամեն տարի նոր գրականություն ձեռք բերել։
Նախարարությունից նշել են, որ նախաձեռնությունը հասանելի կլինի բոլոր սովորողներին՝ անկախ նրանց բնակության վայրից։ Միաժամանակ խրախուսվում է ընտանեկան ընթերցանությունը, ծնող-երեխա քննարկումները, գրքի համատեղ ընտրությունը և ընտանիքների մասնակցությունը դպրոցական գրադարանային միջոցառումներին։
Համագործակցություն հրատարակիչների և մշակութային կառույցների հետ
ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է հրատարակչությունների հետ՝ գրքի և ընթերցանության խթանման ուղղությամբ։
Նախարարության փոխանցմամբ՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում տրվել է «Ընթերցանության տարի» նախաձեռնության մեկնարկը։
2025 թվականից փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ անցկացվելով նաև Գյումրիում, Կապանում և Մեղրիում։ Փառատոնի շրջանակում թանգարանային և գրադարանային միջավայրերում իրականացվում են գրական և մշակութային միջոցառումներ՝ գրքերի տոնավաճառներ, շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ և գրական քննարկումներ։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է նաև Մանկական գրքի փառատոնը, որի շրջանակում կազմակերպվում են մանկական և մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, կրթական ու մշակութային ծրագրեր, դասախոսություններ ու զրույցներ, խաղեր և ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթի ժամեր, վարպետության դասեր, աշխատարաններ և ինտերակտիվ ներկայացումներ։

